«ԱՄՆ-ում իշխանության վակուումը Հայաստանում և Ադրբեջանում բռնության սրացման ռիսկեր է առաջացնում». Թոմաս Դե Վաալը անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին

16:32 • 30.09.20

Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Թոմաս Դե Վաալը politico.eu կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և հակամարտության մեջ ԱՄՆ-ի դերին:

Հոդվածում ասվում է, որ Եվրոպայում ամենաերկարատև հակամարտությունը զսպող 1994 թվականին ստորագրված զինադադարը խախտվել է:

Կիրակի օրը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքի համար սկսված բռնությունները կարծես թե ամենալուրջ բախումն են 1994 թ.-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի պահից ի վեր:

Վաալը նշում է, որ տարածաշրջանում մարտերը, հնարավոր է, նոր են սկսվում: Նրա կարծիքով՝ երկու նոր գործոններ հետագա սրման և զանգվածային ոչնչացումների ռիսկը տագնապալիորեն բարձր են դարձնում: Առաջին հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան` խոշոր պետություն և մինչև հիմա հակամարտության միջնորդ միակ միջազգային կազմակերպության` ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամը, բացեիբաց աջակցել է Ադրբեջանին և հայտարարել, թե Հայաստանը «տարածաշրջանի խաղաղության ու հանգստության համար ամենամեծ սպառնալիքն է»:

Չնայած Թուրքիան միշտ քաղաքական աջակցություն է ցուցաբերել իր թյուրքական եղբայր Ադրբեջանին, Անկարան նույնպես նախկինում զսպող ազդեցություն էր տարածում Բաքվի վրա ՝ խնդրելով կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Սակայն թվում է, թե այդ օրերն արդեն անցել են ՝ խախտելով մինչ այժմ հակամարտության շուրջ տիրող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

Փորձագետը որպես երկրորդ գործոն նշել է ԱՄՆ-ի անսովոր կերպով հակամարտությունից անջատված լինելը:

1997 թվականից ի վեր Վաշինգտոնը Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին Մինսկի խմբի միջնորդական ջանքերի երեք «համանախագահներից» մեկն է: 2001-ին, ավելի կայուն ժամանակներում, ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրեց Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաք`ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացվող խոշոր հանդիպմանը, որի արդյունքում շատ կարճ ժամանակ թվում էր, որ առաջարկվել է հակամարտության լուծումը: Սակայն կիրակի` բռնությունների վերսկսումից  հետո ԱՄՆ-ն միակ խոշոր միջազգային խաղացողն էր, որը հանդես եկավ այս տարածաշրջանի նկատմամբ իր հետաքրքրվածության նվազեցումը վկայող հայտարարությամբ: Հնարավոր է, դա նշան է այն բանի, որ Դոնալդ Թրամփը` Բաքվում այդպես էլ մինչ վերջ չկառուցված Թրամփի աշտարակի հովանավորը, Հայաստանին և Ադրբեջանին դիտում է զուտ բիզնեսի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այն երբևէ դեր չի ունեցել այս հակամարտությունում ՝ ի տարբերություն Բալկանների: Երբ մարտերը սկսվել էին 1990-ականներին, ԵՄ-ն չուներ աշխարհաքաղաքական դերի հավակնություններ, որոնք ունի այժմ: 1997 թվականից ի վեր Ֆրանսիան եղել է երրորդ միջնորդը, բայց, չնայած Ֆրանսիայի նախագահների պարբերական միջամտություններին, այս երկիրը կայուն հետաքրքրվածություն չի ցուցաբերում հակամարտության կարգավորման հարցում:

Այս ամենը բերել է չօգտագործված մեծ միջազգային ներուժի: Տարիներն անցել են չհամակարգված դիվանագիտական գործունեությամբ. քննարկումներ 2006 թվականի շրջանակային փաստաթղթի ձևակերպումների կամ նրա շուրջ, թե քանի ԱՀԿ հետևորդներ պետք է լինեն տեղերում: Խոշոր խնդիրները, այնպիսիք, ինչպիսին են քաղաքական կարգավիճակի որոշումը կամ կողմերից որևէ մեկին համոզելը խաղաղապահ ուժեր մտցնելու վերաբերյալ, շրջանցվել են:

Թուրքիայի ներգրավվածությունը, Իրանի հարևանությունը, Ռուսաստանի հանելուկային դերը, խոշոր նավթատարերի և գազատարերի առկայությունը, այս ամենը այդ վայրը դարձնում են մի տարածաշրջան, որտեղ տեղային բռնկումը կարող է արագ վերածվել միջազգային գլխացավանքի:

Իհարկե, գոյություն ունի նաև մարդասիրական հրամայական: Վերջին անգամ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի ժամանակ շուրջ 20 000 մարդ է մահացել, ավելի քան 1 միլիոնն էլ ստիպված է եղել լքել տները: Ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու երկրներն էլ սարսափելի կերպով ռազմականացվել են` գնելով ծանր հրետանի, հարձակողական ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հեռահար խոցման հրթիռներ, քանի որ երկու կողմից էլ վախ առաջացնող ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չէր սահմանափակվում զինադադարով:

«Անընդունելի է, որ եվրոպական երկու երկրներում կրկին կարող են նման ավերածություններ լինել: 1992 թ.-ին Մինսկի նորաստեղծ խումբը կոչ արեց միջազգային խորհրդաժողով անցկացնել `հակամարտությունը լուծելու համար, բայց այն տեղի չունեցավ: Ժամանակն է գումարելու այդ խորհրդաժողովը»,-գրել է Դե Վաալը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։