Գերմանիան ԼՂ հակամարտության ֆոնին Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել օգտագործել Անդրկովկասում ունեցած «հատուկ» ազդեցությունը

17:01 • 30.09.20

Գերմանիան կոչ է անում Ռուսաստանին և Թուրքիային օգտագործել իրենց «հատուկ» ազդեցությունը Անդրկովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի պետնախարար Միխայել Ռոտը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կտրուկ սրումը ցույց է տալիս, որ սառեցված հակամարտությունները պետք է դարձնել լուծված, հակառակ դեպքում դրանք անընդհատ բռնկվելու են: Մենք սերտ կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ», - ասել է Ռոտը ՝ ելույթ ունենալով Բունդեսթագում կայացած լսումների ժամանակ:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում դադարեցնել մարտերը:

«Երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, որոնք առանձնահատուկ ազդեցություն ունեն տարածաշրջանում, պետք է լուրջ վերաբերվեն իրենց հատուկ պատասխանատվությանը` երկարատև լուծման համար: Մենք առաջին հերթին շեշտը դնում ենք Մինսկի խմբի վրա»,-ավելացրել է Ռոտը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։