«Ռազմավարական առումով երկու խոցելի երկրներ պատերազմի բռնկման շեմին են, իսկ Թրամփը դեռևս լռում է». Washington Post-ի անդրադարձը

20:40 • 30.09.20

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը նոր վտանգավոր շրջադարձ է ստացել Թուրքիայի կողմից հայկական ռազմական ինքնաթիռի խոցման մասին լուրերով: Այս մասին գրում է Washington Post-ը՝ ծավալուն հոդվածով ներկայացնելով իրադրությունը պատերազմական իրավիճակում գտնվող սահմանային շրջաններում:

Պարբերականը մեջբերել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ժամանակ նշած հայտարարությունները՝ մասնավորապես շեշտելով «պատմական հակառակորդներ Թուրքիայի և Հայաստանի հավանական պատերազմի մտավախությունը»:

Հոդվածագիր Դևիդ Իգնատիուսը գրում է, որ հեռախոսային հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նշել է, որ «Թուրքիան անկայունություն է ստեղծում իր շրջապատում, ինչպես նաև արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, Միջին Արևելքում և այժմ էլ Հարավային Կովկասում, ինչը մեծացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»:

«Պետքարտուղարությունը մեծապես մտահոգված է ԱՄՆ խոշոր դաշնակից (որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր) Թուրքիայի և Ռուսաստանի մտերիմ երկրի՝ Հայաստանի միջև առճակատմամբ: Սակայն նախագահ Թրամփը, որը նախկինում պարծեցել էր թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր բարեկամական հարաբերություններով, դեռևս լռում է իրավիճակի մասին»,- գրում է հոդվածի հեղինակը:

Վերջինս նկատում է, որ Պետքարտուղարությունը կիրակի բռնկված ռազմական բախումներից հետո արած իր հայտարարության մեջ դեմ էր արտահայտվել «բռնության սրման գործում արտաքին ուժերի ներգրավմանը», որով, ըստ հեղինակի, նկատի է ունեցել հենց Թուրքիային: 

«Հայաստան-Ադրբեջան առճակատումը մոռացության մատնված «սառեցված հակամարտություններից» է, որը կարող է հանկարծակիորեն հալչել, երբ տարածաշրջանային և համաշխարհային լարվածությունը կրկին գլուխ բարձրացնի, և երբ քաղաքական խաղադրույքները Միացյալ Նահանգներում բարձր լինեն: Թրամփն, այնուամենայնիվ, դեռ ոչ մի տեղ չի երևում»,- եզրափակել է Իգնատիուսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։