«ԼՂ վերաբերյալ Սաակաշվիլիի հայտարարությունը ոչ կոմպետենտ և սադրիչ է». Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ

13:58 • 30.09.20

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին իր գնահատականն է տվել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությանը` այն բնորոշելով սադրիչ և ոչ կոմպետենտ: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Սաակաշվիլիի հայտարարությունը ոչ միայն սադրիչ է, այլև իմ կարծիքով՝ ոչ կոմպետենտ, չգիտես թե ինչ վնաս կարող է հասցնել այն Վրաստանին: Սա վնասելու և քանդելու բացահայտ արտայտություն է, որը կոչվում է աջակցություն կողմերից մեկին, երբ Վրաստանի շուրջ խաղաղություն է տիրում: Սաակաշվիլիի նպատակն այն է, որ դարերով Վրաստանի հետ խաղաղ ապրած հայերն ու ադրբեջանցիները առճակատման գնան, և եթե նրա երազանքը կատարվի, այդպես էլ կլինի: Այդ հայտարարությունն ուրիշ ոչինչ չի նշանակում»,-ասել է Գիա Վոլսկին:

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում վրացական կողմը պետք է առավելագույն զսպվածություն դրսևորի, առավելագույսն չեզոք լինի և միջազգային հանրությանը կոչ անի մասնակցել ծավալվող իրադարձությունների արագ լուծմանը: Հակառակ դեպքում դա կարող է արտակարդ դրություն ստեղծել հարևանությամբ, մասնավորապես` Վրաստանում, որտեղ ապրում են և հայեր և ադրբեջանցիներ:

«Վրաստանի պատմությունը չի հիշում կրոնական կամ ազգային հողի վրա իր տարածքում որևէ հակասություն: Ցավոք, դա հիմա փորձում են անել հակառակորդները, և դա ապացուցվում է Սաակաշվիլիի հայտարարությամբ»,-ասել է Գիա Վոլսկին:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր թե «Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և ոչինչ դա չի կարող փոխել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։