«ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական աջակցության մասին հայտարարությունները սադրիչ են»․ Կրեմլ

15:15 • 01.10.20

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն շատ վնասակար է և կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

«Առաջին՝ մենք կարծում ենք, որ կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունը, հավանաբար, ավելի շուտ սադրիչ բնույթ է կրում լարվածության հետագա սրման համար։ Երկրորդ՝ կարծում ենք, որ նման հայտարարությունները հիմա շատ վնասակար են։ Եվ, իհարկե, մենք կարծում ենք, որ երրորդ երկրների ցանկացած մասնակցություն այդ հակամարտությանը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ-ի նախօրեին տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայից և Լիբիայից գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին ստացվող տեղեկություններով, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է․«Ես ձեռնպահ կմնամ այդ մասին որևէ հստակեցնող հայտարարություններից։ ԱԳՆ հայտարարությունը բավական հստակ է։ Իսկապես, ծայրահեղ մտահոգություն կա այդ մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։