Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ԼՂ-ում
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և կատարել ՄԻԵԴ-ի ցուցումները, գրում է russian.rt-ն։
«Հակամարտության բոլոր կողմերին խնդրում եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և իրականացնել ժամանակավոր միջոցները՝ ընդունված Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից»,- ասել է նա։
ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ կողմերը պետք է մարդասիրական լուրջ ճգնաժամը կանխելու համար խաղաղ լուծում գտնեն։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նաև հայտնել է, որ այս հակամարտության լուծման գործում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:
Բացի այդ, նա հայտարարել է, որ ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել մարդկանց սարսափն ու տառապանքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










