Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրումը նվազագույնն է, որ պետք է անել այս պահին. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

14:08 • 01.10.20

«Անվտանգության գործոն» և «Տողերի արանքում» Արցախից համատեղ հեռարձակված հաղորդումների ընթացքում Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանն անդրադարձել են Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման և Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցերին:

«Հասկանալի է, որ և՛ Արցախի անկախության ճանաչումը, և՛ ռազմաքաղաքական դաշինքն ուղղակի թուղթ չեն, որն ստորագրում ես: Դրանք ունեն որոշակի հետևանքներ, այդ թվում՝ քաղաքական»,- նշել է Արման Սաղաթելյանը:

Զրուցակիցները հիշեցրել են, որ Հայաստանի կողմից այս տարիներին Արցախի անկախությունը չճանաչելը չի եղել ինքնանպատակ, դա եղել է մեր կողմից բարի կամքի դրսևորում բանակցային գործընթացում: Բայց երբ Ադրբեջանը գնում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակով, այլևս ոչինչ չի խանգարում Հայաստանին՝ ճանաչելու Արցախի անկախությունը:

Բանախոսների կարծիքով՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման գործընթացը կարող է լինել մի քանի փուլով: Որպես մեկնարկային քայլ նշվել է Արցախի խորհրդարանի և ԱԳՆ-ի կողմից Հայաստանին և միջազգային հանրությանն ուղղված դիմումը՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման խնդրանքով, որը հնարավոր չի լինի չքննարկել:

Ընդգծվել է, որ միևնույն ժամանակ այս կապակցությամբ ռազմական գործողություններին զուգահեռ պետք է դիվանագիտական խողովակներով խորհրդակցությունների շարք սկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Խորհրդակցությունները չեն ենթադրում միջազգային հանրությունից թույլտվություն հարցնել, դրանք պետք է ունենա ավելի լայն և խոր բովանդակություն: Ընդ որում, պետք է ուշադիր լինել երկու հանգամանքի հարցում՝ խորհրդակցությունների հերթականություն՝ ըստ մեր գերակայությունների, և օրակարգ՝ ճանաչումը որպես առավելագույն նպատակ և այլ քայլեր, որոնք դիմացի կողմերից ոչ մեկը չի կարող մերժել:

«Եթե այս պահին դիմացի կողմի համար ճանաչումը շատ ծայրահեղ քայլ է, պետք է հասկանանք, իսկ որո՞նք են այն գործիքները, որոնք այդքան էլ ծայրահեղ չեն: Կարողանո՞ւմ են Ադրբեջանին ստիպել ստորագրել միջազգային երաշխիքներ նախատեսող եռակողմ համաձայնագիր ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ», - նշել է Կարեն Բեքարյանը:

Զրուցակիցները, նմանատիպ քայլերի շարքում դիտարկում են նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրումը: «Իր կարգավիճակով սա ավելի զուսպ քայլ կարող է լինել, քան ճանաչումը»,- նշել է Արման Սաղաթելյանը:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ ռազմաքաղաքական դաշինք կնքելը նվազագույնն է, որ պետք է անել այս պահին, և այս հարցը մեր կողմից անընդհատ հետաձգելը որևէ կերպ արդարացված չէ:

«Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կարող է դիտարկվել իր բովանդակության համատեքստում, բայց ոչ՝ կնքել-չկնքելու», - նշել է նա:

Զրուցակիցներն այս կապակցությամբ նաև կարևորել են տեղեկատվական արշավի իրականացումը՝ ուղղված միջազգային հանրության համար Արցախի ճանաչման հարցն ընկալելի դարձնելուն: