Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. պատճառը նրա հայտարարությունն է, որում ասում է՝ աջակցում է Ադրբեջանին. Գևորգ Էմին-Տերյան

14:22 • 01.10.20

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։ Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը»։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, օրերս Facebook–ում գրել էր. «Իմ դիրքորոշումը բավականին պարզ է և հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի կարող փոխել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 10 ուղղաթիռ, 90 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։