Արցախի սահմանին գործում են անցակետեր․ մուտք կգործեն այն անձինք, որոնց մեկնումը կիրականացվի զինկոմիսարիատների նախաձեռնությամբ․ կամավորները պետք է ունենան ՊՆ-ի գրավոր թույլտվություն․ ՀՀ ԱԱԾ

20:22 • 01.10.20

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր, ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան  փաստաթղթերի առկայությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն։

Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն  իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

ԱԱԾ-ն բոլոր քաղաքացիներին կոչ է անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը: