Այս ամենը պետք է ունենա մի տրամաբանական հանգրվան՝ Ադրբեջանը պետք է պատժվի բոլոր դաշտերում՝ թե՛ քաղաքական, թե՛ տեղեկատվական-հոգեբանական, թե՛ ռազմական. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Այս ամենը պետք է ունենա մի տրամաբանական հանգրվան՝ Ադրբեջանը պետք է պատժվի բոլոր դաշտերում՝ թե՛ քաղաքական, թե՛ տեղեկատվական-հոգեբանական, թե՛ ռազմական. Կարեն Բեքարյան
Տարիներ ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն մտցնում էր փակուղի, բայց վերջին շրջանում այդ փակուղին սկսեց ինչ-որ տարբերություններ տալ, և ընդհանրապես իրենք իրենց համար փակեցին մանևրելու տարաբնույթ հնարավորությունները: Այս մասին Արցախում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
«Պետք էր լինել աննկարագրելի անհեռատես և լրիվ ուրիշ գործոններով մոտիվացված՝ թույլ տալու համար այս ողջ գործընթացին Թուրքիայի ներգրավվածության այն աստիճանը, որն այսօր կա: ժամանակը ցույց է տալու, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականին մեծ սխալ է թույլ թվել հաշվարկներում՝ մտածելով, թե Թուրքիան աշխատում է նրա շահերի համար»,-ասաց նա՝ նշելով, թե Թուրքիան առաջին հերթին իր շահերի հետապնդմամբ է ներքաշված այս կոնֆլիկտի մեջ:
«Թուրքիան իր հակահայկական ողջ դիվանագիտության, աշխատանքի, քարոզչության, անկախությունից ի վեր Հայաստանի նկատմամբ հարկադրանքի քաղաքականության համար գտել է նոր հնարավորություն՝ ինչ-որ գործիքակազմով հասնելու ինչ-որ նպատակների: Ադրբեջանը դա խրախուսեց, Թուրքիային ներքաշեց, բայց որևէ կերպ որևէ շանս չունի դրանից շահած դուրս գալու»,-հայտարարեց Բեքարյանը:
Անդրադառնալով ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավմանը՝ Բեքարյանը կարևորեց նաև, որ արդեն որպես փաստ է ընկալվում, որ ներառված են վարձկաններ, ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ, Մերձավոր Արևելքի առավել թեժ կետերում փորձառություն անցած հանցագործներ: «Վստահ եմ, որ ընդամենը 1-2 օրվա տարբերությամբ նույն կերպ փաստագրվելու է և բոլորի ընկալմանը հասնելու է, որ այդ ամենն իրականացնողը, միջնորդը Թուրքիան է»,-ասաց նա:
Դիմելով Ադրբեջանի հանրությանն ու այնտեղ ապրող ազգային փոքրամասնություններին՝ Բեքարյանը հայտարարեց. «Սա ձեր պատերազմը չէ, սա Իլհամ Ալիևի՝ հերթական անգամ կարողությունը հազարապատկելու պատերազմ է: Սա օպերացիա է՝ Իլհամ Ալիևի կապիտալը բազմապատկելու համար»:
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահը հույս է ունեցել, թե հայ ժողովուրդը չի կանգնելու բանակի թիկունքին՝ ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ու անխտիր կոնսոլիդացիա չի լինելու: «Առավել քան սխալ հաշվարկ»,-նկատեց նա:
Բեքարյանը կարևորեց նաև հանգանմանքը, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են իրենց ժողովրդավարության աստիճանով էապես բարձր լինել Ադրբեջանից: «Դրանով է պայմանավորված, որ սոցցանցերից ոչ մեկը չի փակվել, որ ինֆորմացիայի տարածման, կարծիքի արտահայտման գործիքները չեն սահմանափակվել՝ բացի նրանցից, որոնք օրենքով սահմանված են ռազմական դրության պայմաններում»,-ասաց նա:
Բեքարյանի խոսքով՝ այս ամենը պետք է ունենա մի տրամաբանական հանգրվան՝ Ադրբեջանը պետք է պատժվի բոլոր դաշտերում՝ թե՛ քաղաքական, այդ թվում՝ բանակցային գործընթաց, թե՛ տեղեկատվական-հոգեբանական, թե՛ նաև ռազմական:
Նա ընդգծեց՝ միջազգային հանրությունն այդպես էլ չկարողացավ պատկերացնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լռությունը ընկալում է որպես խրախուսում. «Էլ ինչ լինի ավելի, որ բոլորին պարզ լինի, որ Արցախի ֆիզիկական գոյության միակ ճանապարհը միջազգային հանրության կողմից նրա անկախության՝ օր առաջ ճանաչումն է»,-հայտարարեց Բեքարյանը՝ կարծիք հայտնելով, թե տեղի ունեցող իրադարձություններն այդ օրն էլ են մոտեցնում:
Բեքարյանն անդրադարձավ նաև Մարտունիում հրետակածության հետևանքով վիրավորված լրագրողներին՝ նշելով, թե թշնամին հերթական անգամ ցույց տվեց, որ իր համար չկան կարմիր գծեր, արժեքներ, սրբություններ, չկան գրված ու չգրված օրենքներ: «Մեկ մարդու խելակորույս գլխում տեղի ունեցածի արդյունքում մենք այսօր ունենք բավական մեծ քանակի արյուն, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և լրագրողների: Սա պատահականության արդյունք չէ, նպատակային արվող աշխատանք է, ցույց տվող, որ կարելի է նաև փորձել «թքած ունենալ» ցանկացած տիպի նորմերի վրա»,-հայտարարեց Կարեն Բեքարյանը:










