Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

20:42 • 01.10.20

Սեպտեմբերի 27-ից առ այսօր առաջնագծում ակտիվորեն ընթանում են ռազմական գործողություններ են: Ըստ մեր փաստահավաք գործունեության արդյունքների՝ քաղաքացիական բնակչությունը թիրախ է դարձել ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով առ այսօր արդեն 11 զոհ կա, այսօրվա Մարտունու դեպքը ներառյալ՝ 60-ից ավել վիրավոր կա, որից 42-ը լրջորեն վիրավորված անձինք են, սա վերաբերվում է միայն քաղաքացիական անձանց։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա տեղեկացրեց, որ սպանվածների վերաբեյալ առաջին 4 դեպքը եղել է ամսին 27-ին, Մարտունի քաղաքում երկու դեպք՝ մեկ մանկահասակ երեխա, մեկ տարեց կին, Հադրութ քաղաքում մեկ 79-ամյա կին, և Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտ մեկ դեպք՝ երիտասարդ տղա:

«Երեկ Մարտակերտում տեղի ունեցավ ռմբակոծություն օդուժի կողմից, ինչի հետևանքով 3 հոգի սպանվեցին նույն ընտանիքից՝ երկու կին և մեկ տղամարդ: Իսկ այսօր Մարտունի քաղաքում տեղի ունեցավ թիրախային ու նպատակային հրետակոծություն քաղաքացիական օբյեկտների թիրախավորմամբ, ինչի հետևանքով 4 հոգի նախնական տվյալներով սպանվել են, 11 հոգի վիրավորվել՝ ներառյալ լրագրողներ, մի մասը հայ, երկուսը՝ ֆրանսիացի»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Նրա փոխանցմամբ՝ մահվան դեպքերի մի մասը տեղի է ունեցել հրետակոծության հետևանքով, ինչպես այսօրվա և ամսի 27-ի Մարտունու դեպքը, սակայն երեկվա դեպքը տեղի է ունեցել ռմբահարման հետևանքով:

«Կարևոր փաստ՝ ամսի 27-ին Հադրութում տարեց կինն իր բնակարանում սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից: Դրանից ենթադրվում է, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է, քանի որ եթե հրետանու պարագայում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն կա, ապա հարվածային ԱԹՍ-երը համարվում են բարձր դիպուկայնության զենքեր, հետևաբար, այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա: Այս դեպքերից ակնհայտ է, որ քաղաքացիական բնակչությունը նպատակային, դիտավորյալ կերպով թիրախավորվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»,- ընդգծեց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ վիրավորման դեպքերը երեկվա դրությամբ 31-ն էին: Ինչպես մահվան, այնպես էլ վիրավորման դեպքերը բավականին լայն աշխարհագրություն ունեն և տարբեր խորություն առաջնագծի համեմատ: Ըստ նրա, մասնավորապես Ստեփանակերտում 10-ից ավել վիրավորման ծանր դեպք է արձանագրվել, Մարտունիում 5 դեպք, Մարտակերտում՝ 1 դեպք, նաև հարակից գյուղերում էլի դեպքեր են արձանագրվել, իսկ Հադրութը, որը հարավում է գտնվում, արձանագրվել է 1 դեպք, նրա հարակից գյուղերում ևս դեպքեր կան:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ վիրավորման 31 դեպքերից 23-ը արձանագրվել է բնակավայրում, որից ենթադրվում է, որ Ադրբեջանը նախազգուշական միջոցներ չի կիրառել, ինչպես նախատեսում է միջազգային մարդասիրական իրավունքը  և անակնկալ հարվածներով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, այլապես նրանք տան բակերում և բնակարաններում չէին վիրավորվի, նույնը վերաբերում է նաև սպանության դեպքերին: