Քթներդ չխցկեք այստեղ, հայկական բանակը ոչ ոքի չի խնայում․ Աբրահամ Գասպարյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված իսլամադավան արաբ ժողովրդին, վարձկաններին, լրագրողական հանրույթին (տեսանյութ)

21:30 • 01.10.20

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյանը հանդես է եկել կոչով՝ արաբերեն՝ ուղղված իսլամադավան արաբ ժողովրդին, վարձկաններին, լրագրողական հանրույթին։

Գասպարյանի կոչն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Կոչ բոլոր այն զինյալ վարձկաններին, որոնք այս օրերին մտնում են կյանքի ու մահվան փորձադաշտ հայկական Արցախում, դիմադրող Արցախում։ Լեռնային առյուծների հանրապետությունից խոսքս, ամենայն լրջությամբ, ուղղում եմ որպես պատերազմական լրագրող ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի․․․ քթներդ չխցկեք այստեղ, հայկական բանակը ոչ ոքի չի խնայում։

Ղարաբաղն այս օրերին հավաքական գերեզմանատուն է բոլոր այն ադրբեջանցիների և վարձկանների համար, որոնք փորձում են պղծել հայի սրբազան հողը։ Հավատացե՛ք, հայկական բանակը դաժան է մարտի դաշտում, չի խնայում ոչ մեկի։ Կրակի հետ խաղ մի արեք, հրո ճարակ եք դառնալու․․․ դուք և բոլոր նրանք, ովքեր գործակցում են պարտվողական թշնամու և օձի գլուխ՝ Թուրքիայի հետ, որն արաբական և իսլամական բոլոր բարեկամ երկրներում ստեղծված ներքին ատելության ու անկայունության պատճառն է․․․ այն Թուրքիան, որի պատմությունը թաթախված է հայ և արաբ եղբայրական ժողովուրդների անմեղ զոհերի արյամբ, այն Թուրքիան, որը չի զսպել իր գաղութատիրական ախորժակն ու նեոօսմանական զավթողական քաղաքականությունը հարևան երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Էմիրություններում, Եգիպտոսում, նույնիսկ՝ Սաուդյան Արաբիայում։

Թուրքիան շարունակում է ժողովուրդների թրքացման քաղաքականության փորձը նույնիսկ այն ժամանակ, երբ 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից մեկ դարից ավելի ժամանակ է անցել։ Թուրքիան Իսրայելի բարեկամն է ու դաշնակիցը և արաբական անաղարտ ինքնության ու ազգայնականության ոխերիմ թշնամին։ Բոլորիս պարտքն է կասեցնել Թուրքիայի ֆաշիստական քաղաքականությունը Ղարաբաղի սահմանին, որովհետև Թուրքիան Ադրբեջանին դարձրել է ձեռքի խաղալիք և իր թշնամական քաղաքականությամբ սպանում է հայ խաղաղ բնակիչների Լեռնային Ղարաբաղում։

Կոչ եմ անում արաբական աշխարհին՝ օվկիանոսից մինչև Ծոցի երկրներ, հորդորում եմ իմ գործընկեր լրագրողներին, որոնք այս օրերին օբյեկտիվ, արհեստավարժ և հավաստի տեղեկություններ են փորձում հայթայթել ու փոխանցել լսարանին․․․ մի՛ աջակցեք օսմանյան փադիշահ Էրդողանին, մի հավատացեք ադրբեջանական ստահոդ լրատվությանը, որի միջոցով նախագահ Ալիևն իր հոգևոր հոր՝ Էրդողանի հետ փորձում է ձեզ մոլորեցնել և խաբկանքի ծուղակը գցել։ Սա կրոնների պատերազմ չէ, այլ ինքնության պահպանման ու քաղաքակրթության հավերժացման պատերազմ, այնպես ինչպես պաղեստինցի քաջարի ժողովրդի պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին։ Սա պատերազմ է, որտեղ հայկական ինքնատիպ քաղաքակրթությունը հաղթելու է Կարմիր սուլթանին, որը ոչ մի առնչություն չունի ոչ Իսլամի, ոչ մարդկության, ոչ էլ պատվի հետ։ Աստված մեզ հետ է, իրավունքը մերն է և հաղթանակ Ղարաբաղին»։