Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխխմբագիրը հրետակոծության տակ է ընկել Մարտունիում

14:27 • 01.10.20

Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն:

«Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հրետակոծության տակ է ընկել Մարտունի քաղաքում, հիմա նա գտնվում է ռմբապաստարանում»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Դզյադկոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, այս մասին տեղեկացնում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 10 ուղղաթիռ, 90 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։