Մեզ համար սա ևս մեկ Հայրենական պատերազմ է, և մենք այն հաղթելու ենք. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

23:00 • 01.10.20

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Շուշիից՝ ներկայացնելով անկախ Արցախի մշակութային կենտրոնը:

«Անցյալ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ադրբեջանցի հրետանավորները Շուշիից ռմբակոծում էին Ստեփանակերտի խաղաղ բնակիչներին, մեծամասամբ` գիշերային ժամերին: Նրանց թվում էր, թե այդպես ավելի մարդկային է: Այդպես շարունակվեց մինչև 1992 թվականը, երբ հայոց պաշտպանական ուժերը կարողացան ազատագրել այս քաղաքը:

30 տարի անց, այժմ արդեն թուրք-ադրբեջանցի բարի, մարդասեր զինվորականները ռմբակոծում են ոչ միայն Ստեփանակերտի խաղաղ բնակիչներին, այլև Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքներն ու գյուղերը», - շեշտում է պրոդյուսերը:

Մխիթարյանն ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական զավթիչների շարքերում մարտնչում են վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից, Աֆղանստանից և այլ թեժ կետերից, մինչդեռ հայկական բանակում պայքարում են միայն հայերն ու Հայաստանում կողք-կողքի բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

«Մեզ համար սա ևս մեկ Հայրենական պատերազմ է, իսկ թուրքերի և թուրքանմանների համար սա հայերի բնաջնջման, ցեղասպանություն իրականացնելու ևս մեկ փորձ է»,- նշել է Մխիթարյանը:

Վերջինս մատնանշել է, որ հայերն իրենց հայրենի հողում եկեղեցիներ են կառուցում, մինչդեռ ադրբեջանցիները կործանում են հազարամյա հայկական խաչքարները:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Մխիթարյանը հիշեցրել է, որ նրանք նույն կերպ են իրենց պահում, ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ: «Միջազգային հանրությունը նման է համր կինոյի, պատկերը, կարծես թե, կա, բայց ձայնը չի լսվում»,- նկատում է Մխիթարյանը:

«Մենք չենք սկսել այս պատերազմը, սակայն դրա ավարտը մեզանով է լինելու: Մենք հաղթելու ենք, ինչ գնով էլ լինի: Քանի որ եթե թուրք-ադրբեջանական զավթիչների համար սա ընդամնեը ևս մեկ տարածք է, ապա մեզ համար Արցախը հայրենիք է»,- եզրափակել է նա: