ԼՂ ռազմական գործողություններում առնվազն երեք սիրիացի վարձկան է զոհվել. The Guardian

11:30 • 01.10.20

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել, գրում է The Guardian պարբերականը: 

Սիրիական Աթարիբ քաղաքից սպանված զինյալ Մուհամեդ Շալանի զարմիկ Օմար Աբդոյի խոսքով՝ երեքշաբթի «Համզա» ստորաբաժանումից իրենց տեղեկացրել են Շալանի մահվան մասին: 

«Մեզ ասաց, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան է մեկնում: Նրա մահվան հանգամանքները չգիտենք: Ասել են, որ դժվար է դիակն այս պահին բերել, սակայն կփորձեն»,- նշել է Աբդոն: 

Աին Ջարա գյուղից Հուսեին Թալհա և Կարիմ շրջանից Սադամ Ազիզ Ազքոր զինյալների ընտանիքներին նույնպես նրանց մահվան մասին հրամանատարներն են տեղեկացրել: Տեղական լրատվամիջոցները հայտնել են նաև ևս երեք զոհի մասին: 

Մինչ դիտորդները փորձում են հասկանալ՝ինչու Բաքվի զինված ուժերը սիրիացի վարձկանների կարիքն ունեն, առաջնագծում սիրիացիների արագ զորահավաքը և նրանց՝ դեռևս մեկ ամիս առաջվանից հավաքագրումը թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն այս ռազմական գործողությունները երկար ժամանակ է ծրագրել: 

Հեղինակավոր պարբերականը, ավելի վաղ հայտնելով ԼՂ ռազմական գործողություններում արտաքին միջամտության մասին, մտավախություն էր հայտնել, որ այն կարող է տարածաշրջանային մեծ հակամարտության վերածվել: 

Նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն չորրորդ օրը շարունակվող կատաղի ռազմական գործողություններում թուրքական անվտանգության ընկերություններում որպես վարձկաններ աշխատող սիրիացիների ներկայությունն ազդարարում է Անկարայի ագրեսիվ քաղաքականության նոր մակարդակին անցումը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերքել են Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների ներկայությունը և Հայաստանին մեղադրել են մարտական գործողություններում քրդական զինվորական խմբերի ներգրավման համար, սակայն որևէ ապացույց չեն ներկայացրել: 

Նշվում է, որ սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության մի քանի ներկայացուցիչ պարբերականին հայտնել է, որ այս շաբաթ զինվորական հրամանատարներ ու գործակալներ իրենց Ադրբեջանի անցակետերի  ու նավթագազային ենթակառուցվածքների հսկողության համար 7-10 000 թուրքական լիրայի (700-1,000 դոլար) դիմաց 3-6 ամսով աշխատանք են առաջարկել:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։