Մակրոնը խոստացել է օգնել Le Monde-ի՝ ԼՂ-ում ծանր վիրավորում ստացած լրագրողներին. նրանց տեղափոխման համար ինքնաթիռ կհատկացվի

17:08 • 01.10.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել  ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին, որոնք այսօր Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում են ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Մակրոնը մանրամասնել է, որ լրագրողների՝ Ֆրանսիա տեղափոխման համար ինքնաթիռ կհատկացվի:

«Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է մեկնելուն: Ամեն բան անում ենք, որ վիրավորների վիճակը նախքան նրանց տարհանումը տեղում կայունացնենք»,-ընդգծել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանած Մակրոնը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: 

Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն