«Սիրիայում շարունակում են ձևավորվել զորամիավորումներ, որոնք վտանգ են ներկայացնում ոչ միայն սիրիացիների համար». Զախարովան՝ վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու մասին

18:20 • 01.10.20

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի մեկին կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը Արցախում տիրող իրավիճակի և հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ:

Դիվանագետը հատուկ անդրադարձ է կատարել Սիրիայի հյուսիսում գրոհայինների հավաքագրմանը և նրանց ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու հարցին:

«Սոցցանցերում համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում, ինչպես նաև սպանված վարձկանների ցուցակներ, որոնցում նշվում է նրանց պատկանելիությունն այս կամ այն սիրիական զորամիավորմանը: Այս ամենում տեսնում ենք ևս մեկ ապացույց այն բանի, որ Սիրիայի ղեկավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են զորամիավորումներ ձևավորվել, որոնք կարող են վտանգ ներկայացնել ոչ միայն սիրիացիների համար»,- շեշտել է Զախարովան: