Պատերազմի այս օրերին բժիշկների համար հերթական հոգս մի՛ ստեղծեք, դրեք դիմակներ, կորոնավիրուսը ոչ մի տեղ չի կորել․ Արամ Փախչանյան
«Այբ» դպրոցի տնօրեն եւ ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը ֆեսյբուքյան գրառում է արել, որում կոչ է արել հետևել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի կանոններին, որպեսզի վարակն էլ ավելի չտարածվի և նոր խնդիրներ չստեղծի առողջապահական համակարգի համար։ Գրառումը՝ ստորև։
«Սիրելի հայեր, այս օրերին քաղաքում դիմակ կրողների քանակը կտրուկ նվազել է։ Բոլորը, կարծես թե, որոշել են առիթավորվել եւ «հերոսանալ»։ Դա հերոսություն չէ, այլ առնվազն հիմարություն։
Եթե նկատել եք, COVID-ի թվերը կտրուկ աճել են։ Բժիշկները պատերազմի այս օրերին ունեն մեծ հոգսեր, իսկ մենք ազգովի կարծես թե որոշել ենք հերթական հոգս ստեղծել իրենց համար։ Ես երեկ բուժկենտրոններից մեկում էի, եւ երկու հավասար լարվածություն կար օդում։ Մեկը պատերազմի վիրավորների հոգսն էր, մյուսը՝ կորոնավիրուսը։ Այն ոչ մի տեղ չի կորել, այդ վտանգը կա եւ աճում է։
Հաղթած Հայաստանը կարիք կունենա արագ վերականգնելու տնտեսությունը։ Դրա համար մեզ պետք են բաց ճանապարհներ եւ կապ աշխարհի հետ։ Եթե մենք մնանք կորոնավիրուսի տեսակետից վտանգավոր երկիր, պատերազմի հետեւանքների հաղթահարումը մեզ համար կլինի շատ ավելի բարդ։ Մի՛ արեք մի բան, որի համար հետո կզղջաք։
Խնդրում եմ, ցուցաբերեք պատասխանատվություն»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










