Այսօր կեսօրին Ադրբեջանը, կարելի է ասել, կիրառեց իր ողջ զինանոցի տեսականին. Արծրուն Հովհաննիսյան

23:11 • 02.10.20

«Այս պահին էլ մարտեր են ընթանում Արցախի սահմանին, գիշերային ժամերին, որպես կանոն, մարտերի թեժությունը թուլանում է, բայց չեն դադարում: Այսօր կեսօրին Ադրբեջանը կարելի է ասել կիրառեց իր ողջ զինանոցի տեսականին, այսինք չմնաց մի զենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի սպառազինության մեջ գոյություն ունեցող, որը չի կիրառվել այս ընթացքում»,-այս մասին Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը և նշեց, որ 6 օր է՝ 24 ժամ գնում է կռիվ՝ ցամաքում, օդում և վիրտուալ տիրույթում:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ եթե հակառակորդը ունենար բնակավայր գրավված ուրեմն ամբողջ այս օրերի ընթացքում ամենամեծ ձեռքբերումը ցույց չէին տա երկու մեքենան: Նա նշեց, որ տպավորություն կա, որ հաճախ «դեղի տակ» են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։