Մենք պետք է վերանայենք մեր կյանքի կազմակերպումը և տնտեսությունը դնենք ռազմական ռելսերի վրա. սա երկարատև պատերազմ է լինելու. Սուրեն Աբրահամյան (տեսանյութ)
Մեզ նման պատերազմող երկրում զուգահեռներ են անցկացնում տարբեր փուլերում մարտական գործողությունների միջև, նմանություններ ու տարբերություններ գտնում, բայց փաստ է՝ այսօրվա պատերազմը համեմատության որևէ եզր չունի Առաջին արցախյան պատերազմի հետ. մենք կարողացանք կանոնավոր բանակի սաղմերը ճիշտ դնել և երկրապահական ջոկատների հիման վրա ռազմական մտքի լուծումներով բանակաշինության գնացինք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը:
«Մեր տարածաշրջանը սոսկալի միլիտարիզացված է, երևի անգամ Սիրիայում նման զինատեսակներ չեն կիրառվում: Մերոնք դեռևս ձեռնպահ են մնում ավելի մեծ հեռահարության զենքերի և օդուժի կիրառումից: Ադրբեջանը երբեք այսքան սանձարձակ չի եղել իր վարքագծով, դա Թուրքիայի անսանձ միջամտության արդյունքն է: Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևն անկառավարելի և անհավասարակշիռ են, մեծ հավակնություններով հանդերձ՝ նրանք թքած ունեն իրենց զոհերի վրա»,- ասել է գեներալը:
Ըստ Աբրահամյանի՝ Ալիևն այդպես էլ չհասկացավ, որ հոխորտալով՝ պատերազմում չեն հաղթում, կարևորը ռազմական միտքն է, որը Բաքվում բացակայում է. «Մեր այսօրվա զինվորների սերունդը բացառիկ է: Ի՜նչ գեներալիտետ ունենք, սպայական անձնակազմ, գրագետ զինվորներ: Մեր ավագ սերնդի հրետանավորները՝ Յուրի Խաչատուրովը, Միխայիլ Գրիգորյանը, ևս փայլուն մարտիկներ են եղել: Փառք ու պատիվ մեր գեներալական կազմին»:
ՆԳ նախկին նախարարի կարծիքով՝ սա անսովոր ու վայրագ պատերազմ է Հայաստանի դեմ, քանի որ մենք կռվում ենք նաև միջազգային ահաբեկչության դեմ. «Մեր դիվանագետներն ու լրագրողները փայլուն են աշխատում, միջազգային կարծիքն ամբողջությամբ մեր կողմն է: Մենք պետք է Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման մասին վաղուց բարձրաձայնեինք, մեր Սփյուռքը՝ որպես տեղեկատվության աղբյուր, պետք է իրազեկեր միջազգային հանրությանը: Ժամանակն է այդ ուղղությամբ ակտիվ հետախուզական աշխատանք ծավալելու»:
Սուրեն Աբրահամյանի պնդմամբ՝ ամեն պահի ամեն կողմից կարող է ռազմաճակատ բացվել, ճակատը միայն Արցախում չէ, և պետք է պատրաստ լինել դրան. «Բանակում ամենասոսկալի բանը պատերազմի ժամանակ խուճապն է, և դրանից զերծ մնալու համար պետք է ուղեղային կենտրոն ստեղծել: Սա մեր խաչն է, մենք այն պատվով տանելու ենք: Պետք է լինի ամենօրյա աշխատանք, պետական կարգապահության բարձրացում, բանակ ճամփելուց սկսած՝ թափթփված վերաբերմունքը պետք է բացառվի: Կամավորական ջոկատների հավաքագրումը պետք է խստագույնս վերահսկվի»:
Գեներալի պնդմամբ՝ անվտանգության ապահովման նկատառումով պետք է բանակցել նույնիսկ սատանայի հետ, քանի որ մեզ վերջնական խաղաղություն է պետք: «Թշնամու մռութը ջարդելուց հետո նա ավելի կզգաստանա: Պետք է քաղաքական կամք դրսևորելով՝ գնալ արժանապատիվ խաղաղության: Մենք պետք է արագորեն վերանայենք մեր կյանքի կազմակերպումը, տնտեսությունը պետք է դրվի ռազմական ռելսերի վրա: Սա կարող է երկարատև պատերազմ լինել»,- ամփոփել է գեներալ-մայորը:
Դավիթ Սարգսյան










