Ն. Փաշինյանը և Վ. Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. նրանք մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում օտարերկրյա գրոհայինների մասնակցության առթիվ

18:48 • 02.10.20

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը:

Զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ:

ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի խիստ ապակայունացնող վարքագծի և ռազմական գործողություններին միջամտելու հանգամանքի վրա:

Ռուսական կողմը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերսկսումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Ձեռք է բերվել շփումները շարունակելու պայմանավորվածություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։