Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ'Բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ժնևում կայացած ուրբաթօրյա հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, գրում է ria.ru-ն։
«Քննարկվել են միջուկային զենքի չտարածման և սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության կատարելագործման վերաբերյալ հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրադրությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասել է Անոշինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










