Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններում սիրիական և լիբիական զինյալների ներգրավվածության կապակցությամբ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ուրբաթ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ, ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը հղումով գրում է tass.ru-ն։
«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված կազմավորումների զինյալների ներգրավվածության կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լավրովը և Զարիֆը կարևորել են նաև այն դերը, որը կարող են խաղալ Ադրբեջանի և Հայաստանի հարևանները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










