Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. խորհրդակցություն՝ Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

19:06 • 02.10.20

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների և մարտական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը:

Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակն էր: Այս համատեքստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների զորահավաքային զորակոչին վերաբերող մի շարք հարցեր:

«Այսօր բոլորս պետք է լինենք մեկ մարդու պես, լինենք մեր բանակի կողքին, լինենք ամուր, անսասան և աննահանջ: Բոլորս պատրաստակամ ենք` մեր կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի պաշտպանության։ Մենք ամեն ջանք կներդնենք` հաղթանակին հասնելու համար` և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում ծառայության ընթացքում։ Մենք մեր գործառույթները բարեխիղճ  կատարել ենք խաղաղ կյանքում,  դրանից էլ ավելի լավ, փայլուն կատարելու ենք պատերազմական իրավիճակում»,- ընդգծել է Քննչական  կոմիտեի նախագահը` հավելելով նաև, որ Քննչական կոմիտեի ծառայողները,  ըստ սահմանված կարգի, ներկայանան  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային   ստորաբաժանումներ՝ կցագրման, և սպասեն զորակոչի:

Խորհրդակցության ավարտին Հայկ Գրիգորյանը մի շարք հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու և համակարգելու վերաբերյալ: