Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում  ՌԴ դեսպանին և Միացյալ Նահանգների փոխդեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայում վարձկանների օգտագործման հետ կապված հարցերը

22:20 • 02.10.20

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, իմ նախաձեռնությամբ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթի (դեսպանին փոխարինող), Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասն գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես նշել է.

Հանդիպումների ընթացքում բարձրացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի, Թուրքիայի դերակատարման և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման հետ կապված հարցերը։

Հատկապես շեշտադրել եմ, որ Արցախի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, իսկ սանձազերծված ագրեսիան պետք է օր առաջ դադարեցվի բոլոր հնարավոր միջոցներով:

Հանդիպումների ժամանակ դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումն ու գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում: ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը և ձեռնարկվող ջանքերը իրադրության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: