Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդն ԱՄՆ-ին կոչ է արել դիվանագիտական քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության գոտում մարտերը դադարեցնելու համար

00:15 • 02.10.20

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շրջանում բախումների և մարդկային կորուստների առնչությամբ: Ինչպես հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, կառույցն իր բողոքն է հայտնել Ադրբեջանի կողմից հանկարծակի և չհրահրված հարձակման դեմ:

«Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը համերաշխություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու թեմին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ մեր վրդովվմունքն ու խոր վիշտը հայտնելով հակամարտության առնչությամբ: Դատապարտում ենք ռազմական ուժի կիրառումն Ադրբեջանի և սիրիացի ապստամբների կողմից, որոնք ֆինանսավորվել և ուղարկվել են Թուրքիայի կողմից՝ օգնելու հարձակմանը հայերի դեմ: Զենքի, ավիացիայի, ծանր հրետանու և անօդաչուների կիրառումը խոսում է նախապես ծրագրված գործողության մասին: Ժամանակն է, որ Թուրքիան վերջ դնի իր միջամտությանը տարածաշրջանում պատերազմի խրախուսմանը:

Գիտակցում ենք, որ սիրիացի գրոհայինները տեղահանվել են իրենց տներից և հուսահատ վիճակում են գտնվում՝ իրենց ընտանիքների կարիքները հոգալու հարցում, ինչն էլ նրանց ստիպել է ներգրավվել հակամարտությանը:

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը Միացյալ Նահանգներին կոչ է անում դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ մարտերը դադարեցնելու համար: Հույսով աղոթում ենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն անտարբեր չի մնա այս իրավիճակում»,- ասվում է հայտարարության մեջ: