Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ երկու ԱԹՍ. ՊՆ խոսնակ

13:01 • 02.10.20

Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։


Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։