Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է Արցախի փրկարար ծառայության 10 աշխատակից (տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը:
«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին, այնտեղ կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ, տուժել է փրկարար ծառայությունը։
Հովհաննիսյանն առավոտյան հայտնել էր նաև, որ հակառակորդը Սմերչով խփել է Հադրութ քաղաքին, կան քաղաքացիական վիրավորներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










