Այսօր երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, կա առնվազն 4 վիրավոր և 1 զոհ. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Այսօր Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել, նախքան այդ Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել էր, սակայն դրանք այս տրամաչափի զենքերից չեն եղել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Նախնական տվյալներով Ադրբեջանը 4 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ և բնակչությունը: Ստեփանակերտում գտնվող Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքն է լրջորեն վնասվել ու ակնհայտ է, որ դա դիտավորյալ և թիրախավարված կերպով է եղել՝ հաշվի առնելով հրթիռի դիպուկայնության աստիճանը: Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմնին, ինչի հետևանքով նախնական տվյալներով 7 վիրավորներ կան քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ծառայության աշխատակիցների շրջանում: Նրանք զինծառայողներ չեն, նրանք մարդասիրական գործառույթ են իրականացնում: Վիրավորներից մի քանիսը բավական ծանր վիճակում են գտնվում»,- նշեց Արտակ Բեգլարյանը:
ՄԻՊ-ը ընդգծեց, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հարվածելը խախտում է միջազգային իրավունքի նորմերը և ակնհայտորեն պատերազմական հանցագործություն է:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ: Քանի որ փորձը ցույց է տալիս, որ երբ Ադրբեջանը կոշտ արձագանք չի ստանում, ռեալ պատժամիջոցների վտանգ չի հարուցում, ապա Ադրբեջանը իրեն ավելի ազատ ու անկաշկանդ է զգում.
«Միջազգային հանրությունը լուրջ անելիք ունի իր պարտականությունները կատարելու հարցում, այլապես Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետը միանշանակ նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ է և այս դեպքը՝մարդասիրական գործառույթ իրականացնող մարմնին թիրախավորելը չպետք է լուռ անցնի»:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ երեկոյան Ադրբեջանը երեք հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ ու բնակչությոն:
Նրա փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների, առնվազը 4 վիրավոր կա, նախնական տվյալներով առկա է նաև զոհ, բայց այդ մասին տեղեկություն կհայտնեն վաղը: Արտակ Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ կատարել են վնասված շենքերից բնակիչներին հանելու ուղղությամբ, այս պահին էլ որոշ աշխատանքներ ընթանում են.
«Երկու բնակելի շենք շատ լուրջ կերպով վնասվել են, բարեբախտաբար այդ շենքերում քիչ բնակիչներ են եղել, վիրավորված ու տուժած բնակիչների քանակը մեծածավալ չէ»։










