Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումը. ՀՀ ԱԳՆ
Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սգում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար և ցավակցություն հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին:
«Մենք սգում ենք զոհվածների համար և ցավակցում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ:
Իրենց համատեղ հայտարարության մեջ նախագահները նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ ստանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բարխղճորեն և առանց նախապայմանների հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների վերսկսման պարտավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։










