Տարոնը արվեստի հանդեպ մեծ սեր ուներ, սիրում էր նկարել և քանդակագործությամբ զբաղվել, ուզում էր մեծ նկարիչ դառնալ. ուսուցչուհին՝զոհված զինծառայողի մասին

16:15 • 02.10.20

Հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զոհված, 2000 թ. ծնված Տարոն Հրայրի Ֆիլիպոսյանը տան փոքր երեխան էր, իրենից մեծ եղբայր ու քույր ուներ:

Tert.am-ի հետ զրույյցում Սիսիանի ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Վարդանյանը նշում է, որ Տարոնը սովորում էր Գեղարվեստի պետական ակադեմիայում, իր նկարներն արտասահմանյան տարբեր քոլեջներ էր ուղարկել, արտերկրում քոլեջ էր ընդունվել, պետք է ծառայությունից հետո ուսումը շարունակեր:

Պատմություն առարկայի ուսուցչուհի Ռուզան Խաչատրյանն էլ իր հերթին նշում է, որ  Տարոնը չափազանց պարտաճանաչ ու կարգապահ մարդ էր, արվեստի հանդեպ մեծ սեր ուներ, սիրում էր նկարել և քանդակագործությամբ զբաղվել, ուզում էր մեծ նկարիչ դառնալ:

«Սիսիանի նկարչական դպրոցում էր սովորում, մենք ուրախանում էինք իր հաջողություններով, ինքն էլ հպարտանում էր, որ մենք իր գործերով հիանում էինք: 12-րդ դասարանում աշակերտներով  գնացել էինք Տարոնի քանդակները տեսնելու: Արվեստի մարդ էր, նպատակ ուներ իր գործերը հայտնի դարձնել: Արտերկիր ճամբար գնալու հնարավորություն էր ձեռք բերել, բավականին լավ տիրապետում էր անգլերեն լեզվին: Շատ գնահատում էր ազգային արժեքները, ընկերասեր էր, ամեն ինչով միշտ պատրաստ էր օգնել»,- պատմեց Ռուզան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։