«Ավելին ենք ցանկանում նրանցից, ովքեր պնդում են, թե մեր ներկայացուցիչն են». Reuters-ի անդրադարձը՝ ԼՂ հակամարտության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ վճռական քայլեր պահանջող ամերիկահայերին

12:39 • 02.10.20

Հեղինակավոր Reuters գործակալությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում հայ համայնքի կազմակերպած ցույցերին, որոնց միջոցով հայերը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում են Ադրբեջանին ստիպել դադարեցնել Հայաստանի դեմ հարձակողական քաղաքականությունը և դատապարտել Թուրքիային դրան միջամտելու

Գործակալությունը զրուցել է ծագումով հայ 22-ամյա ցուցարաներից մեկի՝ Հասմիկ Բուրուշյանի հետ, որը նշել է, որ իր պես հարյուրավոր հայեր, չնայած չեն եղել իրենց հայրենիքում, այնուամենայիվ խորը կապ են զգում իրենց պապերի հողի հետ և չափազանց մտահոգված են վերջին դեպքերով:

«Ավելին ենք ցանկանում նրանցից, ովքեր պնդում են, թե մեր ներկայացուցիչն են, նրանցից, ովքեր խոսում են ազատության և արդարության մասին. այժմ այդ գաղափարների աջակիցները լռում են»,-նշել է զրուցակիցը:

Նշվում է, որ ակտիվիստների խմբեր, որոշ իրավաբաններ ու հայտնի հեռուստատեսային դեմքեր կոչ են արել ԱՄՆ-ին Ադրբեջանին դատապարտել հարձակողական գործողությունների համար, ինչպես նաև դադարեցնել նրան տրամադրած ռազմական աջակցությունը:

Foreignassistance.gov կայքի տվյալների համաձայն՝ ԱՄՆ արդեն կտրուկ կրճատել է Ադրբեջանին հատկացվող անվտանգության աջակցության ծավալը՝ 2019 թվականի 3,67 միլիոն դոլարի համեմատությամբ այն 2020-ին հասցնելով 247,550 ԱՄՆ դոլարի:

Նշվում է, որ Վաշինգտոնը մինչև այժմ ձգտում է չեզոք մնալ՝ կոչ անելով զինադադար կնքել ու վերադառնալ բանակցություններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։