Մենք պետք է օգտագործենք համայն հայության ողջ ներուժը՝ մեզ պարտադրված այս պատերազմում հաղթելու համար, այլ տարբերակ չունենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

14:53 • 02.10.20

ՀՅԴ ԳՄ ներկյացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով դիմել է հայ ժողովրդին: Նա նշել է, որ արդեն հինգ օր է՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները գտնվում են պատերազմի մեջ, այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը՝ իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում մեր հայրենի հողը, հայ զինվորն այս օրերին առաջնորդվում է «մահ կամ ազատություն» կարգախոսով, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի մենք այլ ճանապարհ չունենք, մենք զիջելու հայրենիք չունենք:

«Այս պատերազմի ելքով է որոշվելու հայ ժողովրդի ճակատագիրը, հետևաբար, հաշվի առնելով և ողջունելով անցած հինգ օրերին հայ ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունը՝ պետք է արձանագրել՝ սա բավարար չէ, անհրաժեշտ է, որ ողջ հայության համահայկական ներուժն օգտագործվի այս պատերազմում, յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի՝ Երևանից մինչև Լոս-Անջելես, Կանադայից մինչև Եվրոպա, Ավստրալիայից մինչև Իրան, որտեղ կա հայ, պետք է այս պատերազմը համարի իր անձնական պատերազմը, պետք է ոչինչ չխնայի այս պատերազմի համար»,- ասել է նա:

Սաղաթելյանի խոսքով՝ երեք ճակատներով պետք է շարունակենք աշխատանքը .«Արտաքին ճակատում՝ օգտագործելով մեր ողջ ժողովրդի ներուժը, մեր համահայկական հնարավորությունները, կազմակերպությունները, շարունակենք միջազգային հարթակներում, այլ պետություններում ներկայացնել Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը և Ադրբեջանի ագրեսոր կեցվածքը:

2-րդը՝ պետք է ամուր պահենք մեր բանակի թիկունքը: Յուրաքանչյուր հայ՝ Երևանի կենտրոնում ապրող բիզնեսմենից մինչև ֆերմեր, ուսանողից մինչև դասախոս, վարորդից մինչև հացթուխ, բժշկից մինչև լրագրող, պետք է անենք անհնարինը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ իրավիճակն իրականում լուրջ է, տաքուկ սենյակներում նստած, դուխով ստատուսներ գրելով պատերազմը չենք հաղթի, պատերազմը շարունակվում է: «Մենք պարտավոր ենք համախմբելով մեր ողջ ներուժը՝ թիկունքն առավել ամուր և կազմակերպված պահել, պետական բոլոր ինստիտուտները պետք է աշխտեն անխափան, լիարժեք, արդյունավետ 24-ժամյա ռեժիմով, մենք ունենք բոլոր հնարավորություններն այս պատերազմը միասնաբար հաղթելու: ՀՅԴ-ն իր ողջ ներուժով՝ համահայկական կառույցով, քույր կազմակերպություններով ամբողջությամբ նվիրված է այս աշխատանքներին»,- ասաց նա և հավելեց.

«Եվ երրորդը՝ պետք է Հայաստանի քաղաքական դաշտի հենց առաջին օրերից առաջին ժամերից հայտարարված միասնականությունն ու համերաշխությունը սրբորեն պաշտպանենք, չտրվենք պրովոկացիաների: Ողջունելի է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի քաղաքական ուժերի կողմից, այս մթնոլորտը պետք է շարունակել պահել՝ չտրվելով որոշ սադրիչների պրովոկացիաներին»:

Վերջում Իշխան Սաղաթելյանն ընգծել է՝ մենք հաղթելու ենք այս պատերազմում և դրա գրավականն է շարունակել լինել միասնական, համախմբված և ամենակարևորը՝ ոչինչ չխնայել մեր հաղթանակի համար:

Մանրամասները՝ տեսանյութում: