Կոնգրեսական Ջեքի Սփիըրը միացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև Թուրքիայի միջամտությունը դատապարտող երկկուսակցական բանաձևին

10:44 • 02.10.20

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիըրն իր գործընկերների հետ ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի չսադրված ռազմական գործողությունն ընդդեմ Արցախի, ինչպես նաև դատապարտում է այդ հարձակմանը Թուրքիայի մասնակցությունն ու դրանով իրավիճակի սրումը:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ֆեյսբուքյան էջը, բանաձևի համահեղինակներն են Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն, Դևիդ Սիսիլինը, Զոե Լոֆրենը:

«Այս բանաձևն արտացոլում է Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակման դատապարտումը»,-նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Վերջինս ընդգծել է, որ Կոնգրեսը գործի է անցել, սակայն նախագահի վարչակազմը քայլեր չի ձեռնարկում Բաքվի անխոհեմ ագրեսիային կամ Թուրքիայի համառ միջամտությանը դեմ դուրս գալու համար: