Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները, կոչ եմ անում միանալ Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը․ Արայիկ Հարությունյան

14:42 • 03.10.20

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն այսօր հայտարարել էր հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնել էր առաջնագիծ, ֆեյսբուքյան էջում գրառում է արել, տեղեկացնելով, որ տղաները փայլուն են կատարում մարտական խնդիրը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։


Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։