Պետք է հաշվարկել, թե Արցախի ճանաչումը բանակցային հաջորդ գործընթացում ինչպիսի դիվիդենտներ կարող է բերել. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)
Այնպես չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը, եթե որևէ բան ստորագրեն, պատրաստ են լինելու անվերապահ կատարել իրենց պարտավորությունները, մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ գործ ունենք ոչ վստահելի, և ոչ կառուցողական քաղաքական պարտնյորների հետ: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանից սպասումներին, Աշոտ Ղուլյանն ասաց.«Լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը փորձում է իր քաղաքական քայլերը տեղավորել հենց այս միջազգային միջնորդի պարտավորությունների շրջանակներում: Իմ անձնական կարծիքով` Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ, գործիքներ ունի ազդելու տարածաշրջանում, նաև, ինչո՞ւ չէ, Թուրքիային այդ նույն խաղաղությունը պարտադրելուն և մեր սպասելիքներն այդ ուղղությամբ են լինելու»,- ասաց նա:
Անդրադառնալով ներկայումս Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ Աշոտ Ղուլյանն ասաց .«Այստեղ մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի կարծիքով չպետք է առաջնորդվենք, այն տեղ ունի մեր օրակարգում և պետք է քննարկման առարկա դառնա: Բայց կարծում եմ՝ մեկ քայլ առաջ ենք գնացել, քանի որ ՀՀ ԱԺ-ի քննարկումը, վարչապետի ասածը, ըստ որի՝ պետք է այդ հարցը լինի քննարկման առարկա, նշանակում է, որ տաբու չկա, բայց պետք է հաշվարկել այն բոլոր քայլերը, որոնք կարող են լինել միջազգային ճանաչումից հետո: Խոսքը պատերազմի մասին չէ, քանի որ պատերազմ արդեն կա, պարզապես պետք է հաշվի առնել, թե հաջորդ բանակցային գործընթացում ինչպիսի դիվիդենտներ կարող է բերել: Իմ անձնական կարծիքով՝ այս քայլը մեր ռեզերվում պետք է ունենալ, բայց այս օրերի համար»:
Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի ուղերձի, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իրավիճակին համարժեք հայտարարություն է արել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










