Պատվականը ընկերասեր, աշխատասեր, համայնքում շատ սիրված լավ մարդ էր․ ուսուցչուհին՝ Արցախում զոհված զինծառայողի մասին
Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված Պատվական Հարությունյանի երկու քույրերից հետո է ծնվել, ծնողները հինգ տարի հետո վերջապես կարողացել են տղա ունենալ, ինչպես ասում են՝ երազանքով յոթ սրբի դուռ են գնացել, բայց Պատվականը հազիվ 19 հազիվ տարեկան դարձավ. Tert.am-ի հետ զրույցում պատմեց զինծառայող Պատվական Հարությունյանի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Արևիկ Հարությունյանը:
Պատվական Վաչագանի Հարությունյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Զառ գյուղում, ավարտել է տեղի Ժորա Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցը: Զորակոչվել էր բանակ հունվարին՝ 9 ամսվա զինծառայող էր: 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է՝ հորը օգնելու համար, միաժամանակ սովորել Աբովյան քաղաքի ուսումնարանում, սակայն ուսումը կիսատ է թողել և զորակոչվել բանակ: Ինչպես համայնքի բնակիչներն են նշում՝ Պատվականը դպրոցում և հարևանության մեջ չափազանց սիրված էր։
«Պատվականը կապուտաչյա, շատ գեղեցիկ տղա էր, վերին աստիճանի լավ մարդ էր, ընկերասեր ու աշխատասեր, երբ լսեցինք մահվան լուրը, ամբողջ դպրոցի երեխաները արցունքներից խեղդվում էին: Քույրերը նույնպես լավ էին սովորում, մեկը ԵՊՀ–ի բանասիրական ֆակուլտետն ավարտեց, մյուսը՝ բժիշկ է աշխատում, երբ Պատվականի դին պետք է բերեին, քույրը չգիտեր, նա կամավոր բուժում էր վիրավոր զինվորներին: Այդպիսի ընտանիքի զավակ էր: Միշտ աշխատում էր, այնքան հրաշք գեղեցկություն ուներ, որ մտածում էիր՝ այսքան սիրուն տղա՞ էլ է լինում»,- ասում է ուսուցչուհի Արևիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










