Շատ խելացի, տրամաբանող, բազմակողմանի զարգացած տղաներ էին․ Լեռնագոգի դպրոցի տնօրենը՝ զոհված զինծառայողներ Դավիթ Թորոսյանի և Վահե Մկրտչյանի մասին

20:01 • 03.10.20

Դավիթն ու Վահեն շատ խելացի, տրամաբանող երեխաներ էին, նրանց անձնական կյանքից տեղյակ չէի, բայց երկուսն էլ այնպիսի տղաներ էին, որ ցանկացած աղջիկ կարող էր նրանց սիրահարված լինել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիր մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցի տնօրեն Ռուզաննա Մկրտչյանը՝ խոսելով համայնքից հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներ Դավիթ Թորոսյանի (ծնված 2001 թ. ) և Վահե Մկրտչյանի մասին(ծնված 2001թ):


«Դավիթը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էր սովորում, Վահեն՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում, բազմակողմանի զարգացած երեխա էր: Դավիթը ոչ մի անարդարություն չէր տանում, դպրոցում էլ շատ համարձակորեն անարդարության դեմ էր պայքարում, իր ասելիքն ասում էր, իր ինքնուրույն կարծիքն ուներ, երկուսն էլ բանավիճող, ինքնատիպ, իրենց գույնն ունեցող երեխաներ էին»,- ասաց Ռուզաննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։