Ղարաբաղում վերսկսված հակամարտությունն Էրդողանը դիտարկում է որպես նոր թիրախ իր իմպերիալիստական ​​հավակնությունների համար. Jerusalem Post

23:14 • 03.10.20

Թուրքիայի վերջին տարիների աննախադեպ ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում Անկարայի հետաքրքրության դաշտում գտնվող երկրների վրա:

Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դիտարկվում է որպես նոր նպատակ իր իմպերիալիստական հավակնությունների համար, այդ իսկ պատճառով ինքնիշխան Հայաստանը ենթարկվում է Թուրքիայի հարձակմանը:

Աղբյուրը նշում է, որ անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների բռնկումից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, սիրիական աղբյուրները բացահայտել են, որ Թուրքիան սկսել է կամավորների հավաքագրել Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում՝ նրանց հետագայում հակամարտության գոտի տեղափոխելու համար: Հաղորդվում է, որ վարձկաններին տեղափոխել են վերապատրաստման ճամբար Թուրքիայում, որտեղից էլ նրանք թուրք զինվորների հսկողությամբ մեկնել են Բաքու:

Ըստ Flightradar24.com-ի տվյալներին, ինչպես ներկայացնում է պարբերականը, թուրքական օդանավը մեկնել է Տրիպոլիի «Միտիգա» օդանավակայանից և վայրէջք կատարել Բաքվում: Ռազմական փորձագետների կարծիքով՝ օդանավը մի խումբ թրքամետ վարձակնների է տեղափոխել՝ հայկական զինված ուժերի դեմ կռվելու համար:

«Էրդողանի իրական նպատակները ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ չեն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ թուրքական ներխուժումը կարող էր հանգեցնել Ռուսաստանի ներգրավմանն ու հետագա էսկալացիայի:  Կարծես, եթե դիմակայող կողմերը գործնական քայլեր չանեն խաղաղ կարգավորման հասնելու համար և չկանխեն օտար միջամտությունը, աշխարհն ականատես կլինի նոր երկարատև հակամարտության և բազմաթիվ քաղաքացիական կորուստների»,- եզրափակում է պարբերականը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 18 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 5 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2300 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։