Վրաստանի ԱԱԽ-ն Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է Թբիլիսին որպես երկխոսության վերահաստատման վայր օգտագործել
Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների թեմայով նիստ է անցկացրել, որի ընթացքում ԵՄ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը կոչ է արվել բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տարածաշրջանում բռնության վերացման և երկխոսության հաստատման համար. այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
Վրացական կողմը ևս մեկ անգամ իրավիճակի բարելավման գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է մայրաքաղաք Թբիլիսին որպես երկխոսության վերահաստատման վայր օգտագործել:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար:
«Ես ցանկանում եմ դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնենք նրանց միջև երկխոսությունը, կոչ անենք նվազեցնել սրացումը և դադարեցնել կրակը: Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:










