Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել. Ա. Հովհաննիսյան

12:14 • 03.10.20

Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

«Չափազանց կարևոր։

Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։