Միայն անցնող օրվա ընթացքում հակառակորդն ունեցել է 440-450 զոհ և 800-900 վիրավոր, խոցվել է հակառակորդի 45 զրահատեխնիկա. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Մեր զորքերը ծանր ու հերոսական պայքար են մղում հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ և իրենց հերոսական մարտով որոշում են ողջ հայ ժողովրդի ճակատագիրը. Հայկական միասնական տեղեկատվական շտաբում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ այսօր Արցախի հյուսիսում, հատկապես հարավում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծածավալ զրահատեխնիկա, ծանր հրետանի և փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել, սակայն ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ նրան պատճառելով մեծ կորուստներ:
«Մարտական գործողությունն անդադար տևել է 6-7 ժամ, հասկանալի է, որ այս ամենը հեշտությամբ մեր զորքերին չի տրվում, այս ընթացում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող օրվա ընթացքում 440-450 զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ: Մոտավորապես 800-900 վիրավոր է տվել, միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով, սա աննախադեպ հաջողություն պետք է համարել: Այսօր հնարավոր է եղել խոցել 10 ԱԹՍ, հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է 250 միավոր միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան, այսօր խոցվել է 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ ծանր մարտեր են մղվում Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով, սակայն հայկական զորքերը ցուցաբերում են քաջություն, չեն նահանջում կասեցնում են հակառակորդի մեծ թափ և կրակային խտություն ունեցող հարձակումները:










