«Հուսով եմ՝ դա այդպես չէ». Պոմպեոն հույս է հայտնել, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների ԼՂ տեղափոխման մասին տեղեկությունը ստույգ չի լինի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ սիրիացի իսլամիստներին թուրքական Գազիանթեպ քաղաքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերելու մասին լուրերը կհերքվեն:
Պետքարտուղարն այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ:
«Այդ լուրերն ես նույնպես տեսել եմ: Իրականում սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս պահին: Հուսով եմ՝ դա այդպես չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են սիրիացի գրոհայիններին Սիրիայից Լիբիա տանում: Դա բազմապատկեց անկայունությունը, էլ ավելի շատ անհանգստություններ և հակամարտություններ առաջացրեց, ավելի շատ մարտերի հանգեցրեց: Կարծում եմ՝ դա նույնը կանի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և դրա շուրջ: Հուսով եմ, այս տեղեկություններն իրական չեն»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










