BBC-ի, SkyNews-ի և այլ օտարերկրյա լրատվամիջոցների լրագրողները գնդակոծության հետևանքով չեն կարողանում մեկնել Արցախ. ՌԻԱ Նովոստի

12:49 • 03.10.20

Մի խումբ օտարերկրյա լրագրողներ ճանապարհին վտանգավոր իրավիճակի պատճառով չեն կարողանում Հայաստանից Արցախ մեկնե: Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը հայտնել է լրագրողներից մեկը:

«Մենք նախօրեին դուրս եկանք Երևանից, սակայն ճանապարհին հայտնի դարձավ, որ ճանապարհը գնդակոծում են, ռումբն ընկել է կամրջի վրա: Այդ պատճառով ստիպված եղանք գիշերել Գորիսում»,- հայտնել է լրագրողը:

Ըստ նրա տվյալների՝ խմբում կան լրագրողներ BBC, SkyNews և այլ ԶԼՄ-ներից:

«Արցախ» լրատվական կենտրոնում հաստատել են այդ տեղեկությունը:

«Հակառակորդն արդեն սկսել է գնդակոծել մեծ ավտոբուսները, «Մամուլ» գրությունն այլևս չի փրկում: Այդ իսկ պատճառով շատ վտանգավոր է: Կհաջողվի արդյո՞ք կազմակերպել նրանց այցը՝ դեռ հայտնի չէ»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն