ՊԲ-ին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը. ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել, մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Սեփանյանը:
«Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ նա տեղելացրել է, որ մնացած հատվածներում էլ ծանր մարտեր են ընթանում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










