«Սիրիացի գրոհայինները Վրաստանի տարածքով չեն տեղափոխվում Ադրբեջան». Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար
Տեղեկությունն այն մասին, որ սիրիացի զինյալների խմբավորումները Թուրքիայից Վրաստանի միջով են տեղափոխվում Ադրբեջան, չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարություն է արել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմանը վերաբերյալ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես ցանկանում եմ մեկնաբանել սոցիալական կայքերում տարածվող ապատեղեկատվությունն այն մասին, որ իբրև թե Թուրքիայից Վրաստանի տարածքով սիրիական ապօրինի խմբավորումներ են տեղափոխվում Ադրբեջանի ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկությունը ոչ մի հիմնավորում չունի: Դա սուտ է, դրա նպատակը Վրաստանում և տարածաշրջանում ընդհանրապես սրացում և լարվածություն ստեղծելն է»,- նշել է Լիլուաշվիլին:
Նա հավելել է, որ սոցկայքերում տարածվում են Ադրբեջան տանող ավտոճանապարհը փակելու կոչեր: Լիլուաշվիլիի խոսքով՝ Ազգային անվտանգության խորհուրդը կապի մեջ է գտնվում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ, և Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն կկանխվի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:










