Կոչ ենք անում իրական և վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հովանավորության, ԼՂ-ում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման դեմ․ ստորագրահավաք Change.org-ում

11:31 • 04.10.20

Change.org կայքում ստորագրահավաք է մեկնարկել, որում կոչ է արվում հասցեական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված աղաղակող ագրեսիայի վերաբերյալ։ Ստորագրահավաքին արդեն միացել է 26 494 մարդ։

«Մենք կոչ ենք անում Եվրոպայի ժողովուրդներին, Եվրոպական խորհրդարանի անդամներին և ԵՄ բարձր ներկայացուցչի գրասենյակին իրական և վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հովանավորության, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վարձկանների օգտագործման դեմ: Այդ կենսական հարցերի շուրջ լռությանը կհանգեցնի 1915 թվականին Օսմանյան թուրքերի ձեռքով իրականացրած հայ ժողովրդի Ցեղասպանության կրկնությանը»,-նշված է ստորագրահավաքի նկարագրության մեջ:

Նշվում է նաև, որ «Ալիևի և Էրդողանի գործողությունների հետևանքով վտանգված է ամբողջ Հարավային Կովկասի կայունությունը»։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Եվրոպական միությունը, ինչպես և նախկինում, կպաշտպանի իր արժեքներն ու բարոյական սկզբունքները ավտորիտարիզմի և ահաբեկչության դեմ»,- ասված է ստորագրահավաքի նկարագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։