«Անտեսելով ամբողջ աշխարհից հրադադարի կոչերը՝ Թուրքիայի կառավարությունը զբաղվում է ռազմական քարոզչությամբ՝ բացահայտ աջակցելով ԼՂ-ում ռազմական հակամարտությանը»․ Կարո Փայլան

12:16 • 04.10.20
«Անտեսելով ամբողջ աշխարհից հրադադարի կոչերը՝ Թուրքիայի կառավարությունը զբաղվում է ռազմական քարոզչությամբ՝ բացահայտ աջակցելով ԼՂ-ում ռազմական հակամարտությանը»․ Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և դրանց վերաբերյալ Թուրքիայի արձագանքին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող լարվածությունը վերջին օրերին, ցավոք, վերաճեց պատերազմի»,- գրել է Կարո Փայլանը։

Նրա խոսքով՝ «անտեսելով ամբողջ աշխարհից հրադադարի կոչերը՝ Թուրքիայի կառավարությունը զբաղվում է ռազմական քարոզչությամբ՝ բացահայտ աջակցելով ռազմական հակամարտությանը»։

«Թուրքիայի կողմից ստորագրված ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 20-րդ հոդվածն ասում է, որ «պատերազմի ցանկացած քարոզչություն պետք է արգելվի օրենքով»,- գրել է Փայլանը՝ նշելով, որ Թուրքիայի իշխանությունները փաստացի իրականացնում են ռազմական քարոզչության հանցագործություն։

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի խոսքով՝ «իր վարած քաղաքականությամբ իշխող կառավարությունը մեր երկիրն ու տարածաշրջանը սուզում է խավարի մեջ։ Նրանք, ովքեր ռազմական թմբուկներ են հնչեցնում, փորձում են լռեցնել նրանց, ովքեր խաղաղության կոչ են անում։ Բայց ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները չենք դադարի խաղաղության կոչ անել»։

Կարո Փայլանը նաև նշել է, որ որոշ ուժեր մոբիլիզացվել են, որպեսզի լռեցնեն իրեն, սակայն չնայած նրանց սպառնալիքներին՝ շարունակելու է խաղաղության կոչ անել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։