«Այդ հարցում անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի շահագրգռվածությունը»․ ՌԴ Դաշնության խորհուրդը գնահատել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման գաղափարը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը և այնտեղ նրանց ներկայության ձևաչափը պետք է քննարկել Մինսկի խմբի կազմում, հնարավոր է նաև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում, կարծում է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ նշելով, որ նման գործողությունների համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի շահագրգռվածությունը, գրում է ria.ru-ն։
«Խաղաղապահներն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ դրանցում շահագրգռված են հակամարտության բոլոր կողմերը։ Անհրաժեշտ է հստակ արտահայտված կամք բոլոր կողմերից», - ասել է Կոսաչովը։
Նա նաև նշել է, որ խաղաղապահները պետք է ունենան հնարավոր ավելի բազմակողմանի ֆորմատ, այլ ոչ թե ներկայացնեն միայն մեկ երկիր։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ արդյոք տեսնել ռուս խաղաղապահներ Ղարաբաղում, հայտնել էր, որ նման խնդիրները «ավելի լայն համատեքստում կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










