Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. շվեդ պատգամավոր
Շվեդ քաղաքական գործիչ, պատգամավոր Բյորն Սյոդերը գրառում է կատարել սոցցանցում՝ ուշադրություն հրավիրելով Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների և քաղաքացիական բնակչության թիրախավորման վրա:
«Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին և Միջին Արևելքից արտասահմանցի ահաբեկիչ գրոհայինների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնածավալ ռազմական հարձակումներն Արցախի Հանրապետության դեմ:
Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները հարձակման են ենթարկվել հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ: Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարության կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և վերջինս լիակատար պատասխանատվություն է կրելու այս պատերազմական հանցագործության համար»,- գրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










